Երկուշաբթի, 29.04.2024, 01:47
Ողջույն Հյուր
Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Умный любит учиться, а дурак - учить. А.П.Чехов
Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

940 նմ դիոդային լազերի կիրառմամբ ենթամաշկային երակների ներերակային և պունկցիոն լազերային կոագուլյացիայի արդյունքները տարեց և ծերունական տար

Քրոնիկական երակային հիվանդությունները ունեն բժշկական, սոցիալական և տնտեսական նշանակություն, ինչը կապված է հաշմանդամության բարձր մակարդակի, բուժման հսկայական ծախսերի, էսթետիկ արատների հետ, որոնք զգալիորեն իջեցնում են հիվանդների կյանքի որակը: Նշվածը հատկապես կարևորվում է տարեց և ծերունական տարիքային խմբերում, որտեղ ավելի մեծ տոկոս են կազմում հիվանդության դեկոմպենսացված և բարդացած ձևերը, առկա են բազում ուղեկցող հիվանդություններ, իջած են օրգանիզմի պահեստային հնարավորությունները: Հետևաբար ցածրինվազիվ վիրաբուժական մեթոդների կիրառումը, ինչպիսինն է ներերակային կամ պունկցիոն լազերային կոագուլյացիան (ՆԵԼԿ կամ ՊԼԿ), ավելի արժեքավոր է այս հիվանդների բուժման գործընթացում:

Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնի լազերային վիրաբուժության բաժանմունքում 2006-2011թթ. լազերային կոագուլյացիայի եղանակով վիրահատվել են ավելի քան 850 հիվանդներ ստորին վերջույթների (ս/վ) վարիկոզ հիվանդության կամ սուր թրոմբոֆլեբիտների կապակցությամբ: Կիրառելով  հստակ ընդգրկման և բացառման չափանիշներ ընտրվել են նրանցից 386-ը (402 ս/վ), որոնք ապացուցողական բժշկության հիմունքները հաշվի առնելով բաժանվել են 4 խմբերի` իրարից անկախ 2 հիմնական և համապատասխանաբար 2 ստուգիչ խմբերի (զույգերի ընտրման եղանակով – paired design): Ընդհանուր առմամբ կատարվել է 402 վիրահատություն (402 ս/վ, 428 մեծ կամ փոքր ենթամաշկային երակային ցողուններ (ՄԵԵ, ՓԵԵ)): Կարևոր է նշել, որ բոլոր հաշվարկներն ու եզրակացությունները կատարվել են վիրահատությունների քանակի (402) կամ որ նույնն է ս/վ քանակի հիման վրա և ոչ թե հիվանդների բացարձակ թվի (386):              I հիմնական (IՀ) խմբում ընդգրկվել են վարիկոզ հիվանդությամբ 90 հիվանդներ (99ս/վ, 108 ցողուն), որոնց մոտ ՆԵԼԿ համակցվել է ՊԼԿ հետ, II հիմնական (IIՀ) խմբում` սուր թրոմբոֆլեբիտներով 100 հիվանդներ (102ս/վ, 106 ցողուն) – ՆԵԼԿ համակցվել է մինիֆլեբէկտոմիայի հետ: I ստուգիչ (IՍ) և II ստուգիչ (IIՍ) խմբերում ընդգրկվել են կրկին վարիկոզ հիվանդությամբ համապատասխանաբար 96 (99ս/վ, 108 ցողուն) և 100 (102ս/վ, 106 ցողուն) հիվանդներ, որոնց մոտ կատարվել է վիրահատություններ նույն ծավալով ինչ որ IIՀ խմբում: Հետազոտվող խմբերում նախավիրահատական շրջանի դեմոգրաֆիկ, կլինիկական, ուղեկցող հիվանդությունների, ուլտրաձայնային դուպլեքս սկանավորման (ՈՒՁԴՍ), կյանքի որակի գնահատման (CIVIQ – միջազգային հարցաշար) ցուցանիշների միջև հավաստի տարբերություններ չեն գրանցվել (p>0,05), ուստի խմբերը համարվել են համեմատելի: Վիրահատությունների ժամանակ կիրառվել է Dornier Medilas D Skin Puls S դիոդային լազերը` 940 նմ ալիքի երկարությամբ: Մոտակա հետվիրահատական շրջանը գնահատվել է միայն կլինիկորեն և ըստ գրանցված չնչին բարդությունների, իսկ հեռակա հետվիրահատական շրջանը` կլինիկորեն (ըստ CEAP աստիճանի և կլինիկական ինդեքսի (ԿԻ) ցուցանիշների), ՈՒՁԴՍ տվյալներով, ըստ կյանքի որակի ցուցանիշների: Ստացված ցուցանիշների միջև հավաստի տարբերություններ չեն դիտարկվել (p>0,05): Նկատվել է կյանքի որակի զգալի, հավաստի լավացում նախավիրահատական ցուցանիշների համեմատությամբ (p<0,001): ՈՒՁԴՍ միջոցով գրանցվել են 13,7-15,2% տարածուն ռեկանալիզացիաներ, իսկ ռեցիդիվները կազմել են 7,2%: Ռեկանալիզացիաների էթիոլոգիկ գործոններ են հանդիսացել թափածակող երակները (r=0,58; p<0,001), նրանց տրամագծերը (r=0,6; p<0,001) և լիարժեք կոագուլյացիայի չենթարկված ճյուղերը (r=0,64; p<0,001): Այպիսով ՊԼԿ լիարժեք կարող է փոխարինել մինիֆլեբէկտոմիային, իսկ լազերային կոագուլյացիան նույն էֆեկտիվությամբ կիրառելի է նաև սուր թրոմբոֆլեբիտների ժամանակ:

Վերը նշված հետազոտության ընթացքում տարիքային սահմանափակումներ չեն գործել և հիվանդների տարիքը տատանվել է 16- ից 77տ. սահմաններում: Ուստի առանձին ներկայացվում է նաև տարեց և ծերունական տարիքի 107(110 ս/վ) հիվանդների (կին - 88,2% (n=97), տղ. – 11,8% (n=13)) բուժման արդյունքները, որոնք ընդգրկված են եղել այս հետազոտության մեջ: Այս խմբում միջին տարիքը կազմել է 61,7±0,9: 110 ս/վ թվում ՄԵԵ համակարգով կատարված վիրահատությունները կազմել են 89,1%(n=98), ՓԵԵ – 4,5%(n=5), միաժամանակ ՄԵԵ և ՓԵԵ – 6,4%(n=7): Սուր թրոմբոֆլեբիտները կազմել են 31,8%(n=35): ՈՒշագրավ է այն, որ հիվանդության դեկոմպենսացված ձևերը (CEAP4-6 աստիճաններ) կազմել են ընդհանուրի (402 սվ) 13,4% (n=54), որից 22 դեպքը (54 դեպքի 40,7%-ը) բաժին է ընկել հենց տարեցների խմբին:  ՈՒղեկցող հիվանդություններ գրանցվել են 386 հիվանդից 79-ի մոտ (20,5%), որից 58-ը (79 դեպքի 73,4%-ը) կրկին տարեցների մոտ: Այդ թվում գրանցվել է` ոսկրահոդային համակարգի ախտահարումներ 14 դեպք (13,1%), հիպերտոնիկ հիվանդություն` 26 (24,3%), II տիպի շաքարային դիաբետ` 5 (4,7%), ուրո-գինեկոլոգիական հիվանդություններ` 5 (4,7%) և այլ հիվանդություններ 8 (7,5%) դեպքերում:

Մոտակա հետվիրահատական շրջանում առանձնահատկությունների չեն նկատվել, գրանցվել են 8,2% (n=9) թույլ արտահայտված և կարճատև բնույթ կրող ինֆեկցիոն-լիմֆատիկ բնույթի բարդություններ: Հեռակա հետվիրահատական շրջանի տվյալները ևս առանձնահատկություններ չունեն, վերջիններս ներկայացված են աղյուսակում:

Խմբեր

CEAP ԿԻ (մվ)

Ռեկանալիզացիան

ըստ ՈՒՁԴՍ

CIVIQ – թեստ (մվ)

մինչ վիր.

վիր. հետո

մինչ վիր.

վիր. հետո

Հիմն. հետազոտություն

4,64±0,19

1,23±0,14

13,7-15,2%

53,4±0,9

28,6±0,4

Տարեցներ և ծերեր

5,35±0,32

1,76±0,29

15,5% (n=17)

58,7±1,4

30,4±0,,8

Այսպիսով կարելի է փաստել, որ ներերակային և պունկցիոն լազերային կոագուլյացիայի եղանակը կիրառելի է տարեց և ծերունական տարիքի հիվանդների մոտ վարիկոզ հիվանդության և սուր թրոմբոֆլեբիտների բուժման նպատակով: Այն համարժեք բարձր արդյունավետ է, քիչ տրավմատիկ է, քիչ են բարդությունները և ապահովում է հիվանդների արագ բժշկական և սոցիալական ռեաբիլիտացիան:

Աղբյուրը: http://Մեծահասակների վիրաբուժություն միջազգային կոնգրեսի նյութեր: Դեպի բարեկեցիկ երկարակեցություն: Երևան, 3-5.10.2013թ., 244-24
Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: tigka (19.12.2013) | Հեղինակ: Tigran Kamalyan E W
Դիտումներ: 962 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Copyright MyCorp © 2024